ԱԳ նախարար․ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ 29,800 քկմ տարածքը, բայց չի էլ հերքել

ԱԳ նախարար․ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ 29,800 քկմ տարածքը, բայց չի էլ հերքել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին, ասել է, որ ճիշտ է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ 29,800 քկմ տարածքը, բայց չի հերքել։

Մանուկյանն ասել է, որ ՀՀ իշխանությունն ամեն օր բարձրաձայնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մակերեսը և ցանկացել է Միրզոյանից պարզաբանում ստանալ` արդյոք Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասել է «ՀՀ տարածքը 29.8 քկմ է» արտահայտությունը, հայտնում է Factor.am-ը։

Միրզոյանը նշել է, որ Մանուկյանը ճիշտ է նկատել` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.8 քկմ տարածքով։ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո, որի միջնորդությամբ հանդիպում էր տեղի ունեցել և որին ներկա է եղել նաև Ալիևը, որևէ հրապարակային հերքում էլ չի եղել։

Միրզոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանություննառաջիկայում հրապարակավ հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։

«Որևէ երկրի փոխադարձ ճանաչման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ Ենթադրում եմ, որովհետև բոլորը չեմ կարդացել։ Հայաստանի դեպքում 29.8 քկմ մակերեսը, իսկ Ադրբեջանի դեպքում 86.6 քկմ–ը քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ Հայաստանից այն մակերեսով ու այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության մաս կազմող երկու սոցիալիստական հանրապետության համար»,- նշել է Միրզոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---