16 օգոստոսի 2023 - 12:50 AMT
Արցախում սովամահության դեպք է գրանցվել

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի, Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձևերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ և ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի և շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների առողջական իրավիճակի վրա։

«Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը և դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար»,-ասվում է հրապարակման մեջ։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։