13 մարտի 2024 - 15:45 AMT
Պապիկյան․ Չկրակելու հրաման չկա

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում կայացած փակ հանդիպումից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀ զինված ուժերում չկրակելու հրաման կա, բացասական պատասխան է տվել։

«Ըստ իրեն տրված հրամանի է գործելու զինվորը, ո՛չ, չկրակելու հրաման չկա»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Պապիկյանը չի ցանկացել պատասխանել այլ հարցերի և շտապել է հեռանալ։

Այն հարցին, թե կա՞ որոշում, որ զինված ուժերը պետք է դուրս գան Տավուշի չորս գյուղերից, նախարարը չի պատասխանել։

«Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է»,–ասել է նա։

Պապիկյանը վստահեցրել է, որ ՀՀ ԶՈւ-ն շարունակում է իրականացնել իր առջև դրված խնդիրը։

Մարտին 12-ին ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյաննն ասուլիսում մեղադրել էր այն բանում, որ նա 2021–ի նոյեմբերի 14–ին չի զեկուցել իրեն ադրբեջանցիների ներխուժման և դիրքերի գրավման մասին, ավելի ուշ հրապարակած տեսաուղերձում ասել էր, որ 2021 թվականի մայիսին, ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցման ժամանակ, հայկական զորքերին չկրակելու հրաման էր տրվել, արգելված էր կրակել։ Նա հիշեցրել է ձեռնամարտերը, որ այդ ընթացքում տեղի էին ունենում ադրբեջանցիների ներխուժման ժամանակ։