12 ապրիլի 2024 - 13:19 AMT
Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային կդառնա, նաև Azdarar.am–ի միջոցով

Վարժական հավաքների ծանուցումը կիրականացվի առցանց եղանակավ, կդառնա հրապարակային։ Գործադիրն ընդունել է նախագիծը։ Կառավարությունը կկարգավորի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների ու զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը։

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը և քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց։

Ներկայացնելով նախագիծը՝ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն ասել է, որ առաջարկվող փոփոխությամբ՝ եթե չհաջողվի փոստի միջոցով անձամբ փոխանցել ծանուցագիրը մարդուն, այն կուղարկվի վերջինիս էլեկտրոնային հասցեին, իսկ եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ՝ ծանուցագրի քաղվածքը կտեղադրվի ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքումև 10 օր անց անձը կհամարվի պաշտոնապես ծանուցված։

Պապիկյանն ասել է նաև, որ զինկոմիսարիատները վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացնում են վարժական հավաքի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներ՝ վարժական հավաքին քաղաքացու մասնակցությունն ապահովելու նպատակով, որի շրջանակներում ՀՀ–ում գտնվող քաղաքացին պարտավոր է ներկայանալ իր զինվորական հաշվարման մարմին։

Նախագիծն ուղարկվել է ԱԺ անհետաձգելի ռեժիմով հաստատման: