13 ապրիլի 2024 - 13:34 AMT
Փաշինյան․ ԵԱՏՄ-ն չպետք է փոխկապակցվի քաղաքական հավակնությունների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Egemen Qazaqstan և «Կազախստանսկայա պրավդա» թերթերին տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՏՄ-ն չպետք է փոխկապակցվի քաղաքական հավակնությունների հետ։

«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։

Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի»,–ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ հայ–ղազախական հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։

«Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար»,–ասել է վարչապետը:

Ապրիլի 15–ին մեկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ղազախստանի նախագահ Կասիմ ժոմարտ Տոկաևը։ Տոկաևը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։