30 ապրիլի 2024 - 11:04 AMT
Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է անհրաժեշտ։

Նշվում է նաև, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից:

«Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտվողական և արկածախնդիր ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։

Նման պայմաններում, երբ արտաքին գործոններն են առավելապես պայմանավորում Հայաստանի միջազգային վարքագիծն ու ներքին օրակարգը, դիվանագիտությունն անխուսափելիորեն դառնում է պետականության պաշտպանման հիմնական բնագիծը։ Անկախ, ինքնիշխան, ամբողջական և կենսունակ պետության գոյությունը երաշխավորելու համար առաջարկում ենք իրատեսական լուծումների այնպիսի փաթեթ, որը հնարավորություն կտա կանգնեցնել միակողմանի զիջումների անվերջ շղթան և, միաժամանակ, ընկալելի կլինի միջազգային հիմնական դերակատարների համար»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հայաստանն այս չափազանց բարդ վիճակից դուրս բերելու և հետագա անդառնալի կորուստներից զերծ պահելու համար անհրաժեշտ են հետևյալ անհետաձգելի քայլերը.

«- Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն՝ զսպման ճկուն քաղաքականության որդեգրմամբ։ Դրան զուգահեռ, բնական ու իրավիճակային դաշինքների ձևավորումը դիտարկվում է որպես ադրբեջանա-թուրքական տանդեմին հակակշռելու իրական մեխանիզմ։

Տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման համար, որպես առաջնահերթություն, Արցախի հիմնահարցը վերստին ներառել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։ Հայաստանի Հանրապետության պարտավորությունն է հետամուտ լինել Արցախի ժողովրդի հավաքական և միջազգային երաշխիքներով ամրագրված, իրենց հայրենի բնօրրան վերադառնալու անքակտելի իրավունքին, բոլոր ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատմանն, ինչպես նաև Արցախում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անձեռնմխելիության ապահովմանը։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից և ընդունված պրակտիկայից. 1) ուժի կիրառման և դրա սպառնալիքի կամ պարտադրանքի արդյունքում ձեռքբերված որևէ համաձայնության անընդունելիությունը և, 2) ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ։ Միաժամանակ, պետք է բացառել հայկական զինված ուժերի ցանկացած նահանջ կամ դիրքային փոփոխություն՝ մինչև հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտը։

Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականության նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհ պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը, ներհանրային հաշտեցումն ու համերաշխությունը։ Այս գործում անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդնությունն ու ակտիվ դերակատարությունը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ վերոհիշյալ մարտահրավերներին դիմակայելու և առկա խնդիրների լուծումը կյանքի կոչելու նպատակով՝ ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման, որոնք հստակ հանձնառություն և պատասխանատվություն կստանձնեն տարածաշրջանում տևական կայունության և արժանապատիվ խաղաղության համար։

Հայտարարությունն ընդունվել է Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից ապրիլի 29–ին անցկացված կլոր սեղան-քննարկման մասնակիցների կողմից: