2 մայիսի 2024 - 11:23 AMT
ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում` պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար: Այդ մասին ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Ապրիլի 29–ի դրությամբ տեղադրվել է արդեն 35 սյուն, դա աշխատանքի կեսից ավելին է կազմում։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: