2 մայիսի 2024 - 16:56 AMT
Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն

Կկանոնակարգվեն կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները։ Գործադիրն ընդունել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի կինոյի հիմնադրամի» վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» որոշումը:

Ըստ հիմնավորման, Հայաստանի կինոյի հիմնադրամի ստեղծումն առաջին հերթին բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոյի ոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո-ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունից։

Արդյունքում՝ կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։