6 մայիսի 2024 - 11:01 AMT
Հայտարարություն․ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն Facebook-ում և բացառապես իր անձնական էջով

«Տավուշը հանուն հայրենիքի»շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Բագրատ սրբազանը ներկայացված է միայն «Ֆեյսբուքում» և բացառապես իր անձնական էջով։

«Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ:

Բագրատ սրբազանը ներկայացված է միայն «Ֆեյսբուքում» և բացառապես իր անձնական էջով (account), իսկ մնացյալ հարթակներում իր անվան օգտագործմամբ բացված հաշիվները չեն ներկայացնում Սրբազանին և Շարժումը»,–ասվում է հայտարարության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստանի ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։