6 մայիսի 2024 - 11:26 AMT
Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, գրել է, որ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին»։

Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, նրա կարծիքով, առաջիկայում կհստակեցվի:

«Թե «ինչո՞ւ պետք է քաղաքական շարժումը հոգևորականը առաջնորդի» հարցադրումը տրամաբանական է։ Նորմալ քաղաքական համակարգով երկրում այդ գործառույթը ընդդիմությանն է, բայց մեր քաղաքական ուժերը այնքան են իրար մաշեցրել և «փչացրել», որ առաջնորդական ռեսուրս չի մնացել և սրբազանն է մեկնարկել այս շարժումը։

Ես չգիտեմ, թե Հայաստանի առողջացման գործընթացը երբ և ինչ հանգամանքներում կսկսվի, բայց գիտեմ, որ եթե «սև ու սպիտակի» բաժանումը, անվերջ իրար ապականելու մոլուծքը չվերանա, մեր երկիրը կմնա անդադար ցնցումների տեղապտույտում։

2018-ից առ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» և նոր բաժանարար գծեր ստեղծել։ Օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը կարծում եմ առաջիկայում կհստակեցվի»,–ասվում է գրառման մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստանի ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։