6 մայիսի 2024 - 13:27 AMT
Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանում բողոքի ակցիաների ֆոնին իշխանափոխության հնարավորություն չի տեսնում։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա ասել է, որ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026-ին, իսկ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը:

Սիմոնյանի խոսքով` ինքը չգիտի, թե ինչ են պահանջում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ես քաղաքական պահանջ չեմ լսել, եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելն է... քաղաքական պահանջ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, թե Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը։ Ըստ Սիմոնյանի`այդ գործընթացը շարունակվելու է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստանի ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։