6 մայիսի 2024 - 14:47 AMT
Կիրանցում սակրավորն ականի պայթյունից վնասվածք է ստացել

Մայիսի 6–ին Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հաստատել է լուրը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով` նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– նշել է Թորոսյանը։

Կիրանցում դարձյալ մեծ թվով ոստիկաններ կան, մուտքը դեպի Կիրանց փակ չէ, սակայն դրսից եկած մեքենաներին թույլատրում են գյուղ մտնել ստուգումներից հետո, հայտնում է «Ազատությունը»։

Գյուղացիներն ասել են, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, հեռվից տեսանելի որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղում սպասողական վիճակ է։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստանի ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։