6 մայիսի 2024 - 14:50 AMT
Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանձնարարությամբ ուղարկված նամակը հասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։

Նրա խոսքով՝ նամակի պատասխանը արդեն ուղարկվել է։ Վերջինս տեղյակ է ստացած նամակի և պատասխան նամակի բովանդակությունից, սակայն չցանկացավ հանրայնացնել այդ տեղեկությունը, գրում է «Հայկական ժամանակը»։

«Ես գրություն չեմ ստացել, ԱԺ-ին է փոխանցվել, ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իսկ ուղարկել են Սարգիս Խանդանյանին։ Ես կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերը այդ պատասխանը ուղարկել է՝ մեկ-երկու օր հետո, պարզապես այդ րոպեին երևի տիկին Զախարովային հարմար է եղել տենց արձագանքել և չարձագանքել մյուս մասին։ Պարզ է, որ բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում»,- ասել է նա։

ԱԺ նախագահը նաև ասել է, որ իր հայտարարությունների տերն է։

«Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել։ Տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել։ Ես ամենաուղիղ մանդատով մարդկանցից մեկն եմ, արել եմ հայտարարությունը ում անունից, որ մասնակցել եմ։ Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում իրենց ժողովրդին, իրենց խնդիրն ու պատկերացումներն են։ ՀՀ-ում իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնում է իր ժողովրդին»,–ասել է Սիմոնյանը։

Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։ Նա ասել էր, որ չի կարելի անտեսել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունները»։