6 մայիսի 2024 - 18:29 AMT
Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունում պատրաստվում են Հայաստանի հետ գործընկերության օրակարգը պատրաստելուն:

Նա ասել է, որ պատրաստվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել, հայտնում է Արմենպրեսը։

Հունգարիան 2024 թվականի հուլիսի 1-ից կստանձնի ԵՄ նախագահությունը։

«Որպես Եվրամիությունում մեր նախագահությանն ընդառաջ նախապատրաստական գործողություն՝ մենք կարողացել ենք քայլեր ձեռնարկել զարգացնելու Հայաստանի և ԵՄ–ի միջև կապերը: Մենք պատրաստվում ենք Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության օրակարգը պատրաստել: Բացի այդ՝ պատրաստվում ենք ազատականացման երկխոսությունը սկսել երկու կողմերի միջև»,–ասել է նախարարը:

Սիյարտոն հույս է հայտնել, որ այս երկու գործընթացները հաջողությամբ և արդյունավետությամբ կպսակվեն:

ՀՀ–ն և Հունգարիան վերջերս են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2012–ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, որն այնտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել։ 44–օրյա պատերազմից հետո Հունգարիան նպաստեց 5 հայ գերու վերադարձին ՀՀ, որից հետո 2022–ի դեկտեմբերին հայտարարվեց հարաբերությունները վերականգնելու մասին։

Ըստ որոշ հրապարակումների, այժմ Հունգարիան արգելափակել է ՀՀ–ին Եվրոպայի հիմնադրամի կողմից աջակցության տրամադրումը՝ պնդելով, որ Ադրբեջանին էլ գումար հատկացվի։