6 մայիսի 2024 - 18:30 AMT
Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ իրենց շարժմանը։

«Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,- ասել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտնում է Արմենպրեսը։

Կիրանցից դեպի Երևան քաղաքացիների քայլերթն առաջնորդող Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ շարժմանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։