6 մայիսի 2024 - 18:41 AMT
Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել

Ադրբեջանի հետ սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ երկու երկրի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: