7 մայիսի 2024 - 12:54 AMT
Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբիի այցը Լեռնային Ղարաբաղ։

Մայիսի 6–ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին տիկնոջ հետ այցելել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Շուշի, թեև իր այցի նախօրեին ասել էր, որ դեռ պատրաստ չէ նման այցի։

«Ես այս հարցի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չունեմ»,- ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը և հավելել է, որ որևէ ակնկալիք այդ առիթով չկա։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։