Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Յեն Բորջի հետ հեռախոսազրույցում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խնդիրների նկատմամբ Բաքվի մոտեցումների մասին։
Բայրամովը նաև ներկայացրել է Բաքվի դիրքորոշումն Ադրբեջան-ԵԱՀԿ երկկողմ համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունների և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց ներկայում բախվում է ԵԱՀԿ-ն, հայտնում է Minval.az-ը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։
Մայիսի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յեն Բորջի հետ: Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, վկայակոչելով ս.թ. ապրիլի 19-ին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, ընդգծել է 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության ճանաչման անվերապահ հանձնառության կարևորությունը նաև խաղաղության պայմանագրի նախագծի համատեքստում: