7 մայիսի 2024 - 14:26 AMT
Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, ներկայացնելով ՀՀ տարածաշրջանային միջավայրն ու մարտահրավերները, հայտարարել է, որ այդ իրավիճակում ՀՀ արտաքին քաղաքականության նպատակը պետք է լինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարումը, նվազեցումը, զրոյացումը։

Ըստ նրա, թշնամության կառավարում նշանակում է այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա, հասցել այն նվազեցման փուլին, իսկ «երկարաժամկետ ռազմավարության առումով այն տանելդեպի զրոյացում»։

Նա նաև խոսել է տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրման, տնտեսական կապերի հաստատման ու զարգացման անհրաժշետության մասին՝ հավելելով, որ միայն դա կարող է նպաստել վերոնշյալ թշնամության զրոյացմանը։

Վարչապետն ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։