7 մայիսի 2024 - 14:54 AMT
Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ սահմանազատումը ՀՀ իշխանության համար ինքնանպատակ չէ և արվում է բացառապես անվտանգության համար։ Նա հավելել է, որ Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են և պետք է ամեն ինչ անել դրանք շատացնելու համար։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ–ում, հենց անվտանգության երաշխիքների ստեղծման գործընթաց է։ Այս փուլում մեր նպատակն է ոչ թե վերլուծություն անել` պատերազմ ու հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի, որ պատերազմ սկսվելու հիմքը բացառվի»,– ասել է նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին՝ Փաշինյանն ասել է, որ «եթե պրոցեսը կասեցվի, պատերազմ կլինի», հայտնում է Aysor.am-ը։

«Ենթադրենք, էսպիսի մի իրավիճակ. ես ասում եմ՝ շատ լավ, հարգելի՛ լրագրողներ, Վեհափառ Հայրապետ, վաղ առավոտից կկասեցնենք գործընթացը, իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո։ Դրանից հետո լինելու է մի պարզ բան՝ սկսվելու է պատերազմ։ Իսկ ի՞նչ նպատակ է ունենալու պատերազմը։ Ես հավատացած եմ, որ այս պրոցեսին արձագանքողների նպատակը հենց դա է, ի սկզբանե դա է եղել՝ թույլ չտալ, որ տեղում տեղի ունենա սահմանազատում, որի անխուսափելի հետևանքը կլինի պատերազմը։ Այն ուժերը, ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, բանկանաբար, արտաքին ուժերի աջակցությամբ ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար։ Սակայն, շատ կարևոր է, թե այդ փոփոխությունների արդյունքում ինչ է տեղի ունենալու»,–ասել է նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։