7 մայիսի 2024 - 17:21 AMT
Վարչապետ․ Այդ գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտ է համարում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա այդ մասին ասել է իր հրավիրած ասուլիսում։

«Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին: Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը: Բայց ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում: Դա շատ ակնհայտ է: Իսկ ինչո՞ւ պետք է կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ պարզ է նաև շարժման նպատակը, հայտնում է Արմենպրեսը։

Փաշինյանը հավելել է, որ շարժման նպատակը նախորդ իշխանություններին Հայաստանում իշխանության բերելն է: Ըստ նրա ՝ 2021 թվականի ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի ղեկավարն էր այդ սցենարը ներկայացրել, թե ինչպես պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն:

«Ի՞նչ է նշանակում օրհնել. նշանակում է առաջնորդել, որովհետև հոգևորականը չի կարող առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի թույլտվության քաղաքական տեքստ ասել: Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,-ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ կան հոգևորականներ, որոնք համաձայն չեն իր դիրքորոշման հետ, այդ մասին ասել են 2018 թվականից: Փաշինյանը կրկնել է՝ կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի, իսկ ինքը կարող է կարծիք ասել՝ որպես անհատ:

«Բայց իմ կարծիքը մեծ հաշվով հետևանք չունեցող կարծիք է: Եթե նույնիսկ այդպես է, ոչ ոք չի խանգարում ինձ առնչվել Աստվածաշնչի, Աստծո հետ: Իմ խնդիրն ուրիշ է. պետք է հոգևոր կյանքը Հայաստանում ակտիվ լինի, զարգանա, բայց ակտիվ չի, չի զարգանում, ինչն ինձ մտահոգում է, բայց ոչ մի միլիմետր ավելի»,-ասել է նա:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։