7 մայիսի 2024 - 18:12 AMT
Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, անդրադառնալով գյուղի հարակից տարածքում ընթացող սահմանազատման գործընթացին, ասել է, որ սահմանազատման հետևանքով Կիրանց գյուղից ոչ մի սանտիմետր հողատարածք չի անցել ադրբեջանական կողմին։ Նա նաև ասել է, որ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք, հայտնում է Factor.am-ը։

Ըստ վարչական ղեկավարի, սահմանազատման ենթակա 3 խոցելի կետ կա, որոնց սահմանազատման հարցը սառեցված է։

«Մեր կամրջի հատվածն է, գյուղի մեջ տներ կան, որ սահմանազատման հետ կապված նրանց տարածքում են հայտնվում, այս հարցերը հիմա սառեցված են։ Սպասում ենք այդ հարցին։ Սպասում ենք գյուղի և կամրջի մասով, որը բանակցությունների փուլում է։ 7, 8, 9, 10, 11 կետերն արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածները մնում են։ Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա։

Բացի այդ, Կամո Շահինյանի խոսքով՝ 9․5 հեկտար տարածքին, որոնք կասկածում էին, թե սահմանազատման հետևանքով պետք է կորցնեն, վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Կիրանցի հատվածում սահմանազատման ենթակա 11 կետ կա: Նա նաև արձանագրել էր, որ Կիրանցում սահմանազատում կարվի այն հատվածում, որը ժողովուրդը չի վիճարկում, նաև վստահեցրել՝ վիճահարույց 3 կետերի հետ կապված լուծումներ կփնտրեն:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն մայիսի 7–ին հրավիրվածասուլիսին ժամանակ հայտնել է, որ այս պահի դրությամբ սահմանազատման աշխատանքի մեծ մասը՝ 90%-ը կատարված է։ Ըստ Փաշինյանի՝ որքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, այն դառնում է անտրամաբանական։