7 մայիսի 2024 - 18:45 AMT
Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել։

Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել։

«Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում, իմ օրակարգում երբեք չի եղել, ուղղակի չի եղել»,–ասել է նա։

Ավելի վաղ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։

Փորձագետներից շատերը պնդում են, որ ցուցակներ կազմելու պահանջը թուրքական թեզ է և շահարակումների տեղիք է տալու։ Դրան հաջորդեց Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի ցուցակներ կազմելու թեմայով որևիցե քաղաքական որոշում չկա, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը նման քննարկում չի ունեցել, իսկ հնչեցված միտքը անձնական կարծիքն է։