7 մայիսի 2024 - 18:46 AMT
Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ–ը ցանկացել է տեղակայվել Հայաստանում ոչ թե որպես դաշնակից, այլ որպես խաղաղապահ։

Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը։

«ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ իրենք ուզում էին Հայաստան գալ ոչ թե որպես դաշնակից, ինչպես նախատեսված է, այլ որպես խաղաղապահ, իսկ խաղաղապահի համար ի՞նչ է հարկավոր․ պատերազմ է հարկավոր։ Իսկ այս իրադրության մեջ ե՞րբ է հնարավոր պատերազմ․ այն ժամանակ, երբ մենք հրաժարվենք սահմանազատումից»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ հենց այդտեղ է փակվում տրամաբանական շղթան։

Վերջին շրջանում Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին և փաստացի սառեցրել է անդամակցությունը, քանի որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր պարտավորությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, չկա մի տեղ, որտեղ ՌԴ-ն կարող է մեղադրել Հայաստանին պարտավորությունները չկատարելու մեջ, սակայն հակառակ դեպքերը բազմաթիվ են: Փաշինյանը նշել է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններն ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, սակայն դրանց կարևորությունը ՀՀ պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է թերագնահատել: