8 մայիսի 2024 - 12:32 AMT
ԱԺ–ում Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ ներկայացուցիչների հետ ազգային փոքրամասնություններին առնչվող հարցեր են քննարկել

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոևան, Տիգրան Պարսիլյանը և Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր։

Ռուստամ Բաքոյանն ընդգծել է միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը՝ այդ համատեքստում կարևորելով նաև Վենետիկի հանձնաժողովի հետ առկա համագործակցությունը:

Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է որոշակի դիտարկումներ և առաջարկներ նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի անդամներն ընդգծել են ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենք ունենալու անհրաժեշտությունը և նշել, որ նախատեսում են այդ կապակցությամբ քննարկումներ ունենալ շահագրգիռ կառույցների, ինչպես նաև Հայաստանում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Նշվել է, որ օրենքի նախագծում առկա որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն: Զրուցակիցները քննարկել են նախագծին, ինչպես նաև թեմային առնչվող հարցեր, ընդգծել գործակցելու պատրաստակամությունը:

Նույն օրը հյուրերի հետ հանդիպել և «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենսդրական նախաձեռնությանը վերաբերող հարցեր են քննարկել ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Զեմֆիրա Միրզոևան և Իրինա Գասպարյանը: