8 մայիսի 2024 - 16:13 AMT
Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու

Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որն առաջնորդում է երթը դեպի Երևան, լրագրողների հետ զրույցում արձագանքել է դիտարկմանը, որ եկեղեցու դեմ ճնշումներ են իրականացվում։

«Սովետական շրջանում էլ ճնշումներ եղել են, ի՞նչ եղավ Սովետի հետ։ Եթե նույնն են ուզում անել, ոչնչով չի տարբերվում։ Բայց ի՞նչը տապալվեց՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, թվերը մի քիչ նվազեցին, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Բագրատ սրբազանը նաև անդրադարձել է իշխանությունների այն հայտարարություններին, որ թեև Գարեգին Բ-ն է առաջնորդում շարժումը, բայց իրականում քաղաքական գործիչների անուններ են շրջանառում։

Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը, ոչ թե առաջնորդել։

«Հիմա ինչ ուզեն՝ կասեն։ Այս մարդիկ արդեն սկսել են իրենք իրենց խաբել։ Իրենք իրենց սուտ են ասում, իրենք իրենց՝ հավատում։ Արդեն այդ փուլին ենք հասել»,–ասել է նա լրագրողների հետ զրույցում։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։