8 մայիսի 2024 - 18:17 AMT
ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- հայտնել է խոսնակը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից։

Հայաստանը թեև դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, սակայն չի մասնակցում կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը դե յուրե հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին Հայաստանում և պատշաճ չի արձագանքել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, ավելին՝ Հայաստանի համար անվտանգային խնդիրներ է առաջացրել։ Վերջերս նա նաև հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին։