8 մայիսի 2024 - 19:06 AMT
Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով

Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են ադրբեջանցի պաշտոնյաների դեմ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հնարավոր պատժամիջոցների հեռանկարով։ Այդ մասին պատգամավորները բարձրաձայնել են խորհրդարանի մայիսի 7–ի նիստում։

Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, թե «ՄԱԿ-ից սկսած Բաքվի հաղթանակի դեմ պատժամիջոցների պլանների ձախողումից հետո, ԱՄՆ Կոնգրեսը սկսել է Ադրբեջանի ընտրված պաշտոնյաներին պատժելու նախագիծը», գրում է APA-ն։

Ըստ նրա՝ Ադրբեջանի դեմ օր ու գիշեր են աշխատում՝ «ցանկանալով պատժել հաղթանակի համար»։

Օրուջն ասել է նաև, որ Ադրբեջանի պատասխանը պետք է լինի «ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդումը Թուրքիայի հետ, սահմանազատման գործընթացն առաջ մղելը, տարածաշրջանային պետությունների հետ առճակատման մեջ չմտնելը»։

Նա հավելել նաև, որ պետք է ԱՄՆ կոնգրեսականների և բոլոր նրանց «սև ցուցակ» կազմել, ովքեր դեմ են Ադրբեջանի գործողություններին՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքերից մինչև Ֆոգ Ռասմուսեն։

«Կարելի է Բաքու հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար»,–ասել է նա։

ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։ Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը։ Nախատեսում է պատժել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին մարդու իրավունքների խախտման և Արցախում ռազմական գործողությունների համար։