8 մայիսի 2024 - 19:07 AMT
ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված հանրապետությունում տեղի ունեցող հավաքներով: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով ժողովրդավարության արժեքներն ու իրավունքի գերակայության պահանջները:

Նշվել է, որ հավաքների ազատության իրավունքն ու դրա պատշաճ իրացումը ժողովրդավարական պետության կայացման անհրաժեշտ նախապայմաններից են:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հավաքների ազատության հիմնարար իրավունքը վերաբերում է խաղաղ բնույթ ունեցող հավաքներին, իսկ խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելը պետության պարտավորությունն է:

«Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցներն իրենց հերթին ապահովեն հավաքի խաղաղ ընթացքը, ցուցաբերեն զսպվածություն և պահպանեն օրենսդրությամբ սահմանված պահանջները: Դա վերաբերում է, այդ թվում` հավաքի ընթացքում բռնությունից, բռնության կոչերից, ատելության խոսքի դրսևորումներից զերծ մնալուն։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը մայիսի 9֊ի հավաքին ընդառաջ ներկայացվել են հավաքների ազատության իրավունքի իրացմանն առնչվող տարատեսակ մտահոգություններ կապված, այդ թվում ոստիկանության կողմից ուժի գործադրման հավանականության, հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու, հավաքներին մասնակցությունը հարկադրելու, տեղի ունեցող գործընթացների շրջանակներում երեխաների լավագույն շահի ապահովման համատեքստում առկա խնդիրների վերաբերյալ։

Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։

Խիստ կարևոր է, որպեսզի երեխաների՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և այլ իրավունքների իրացման ընթացքում պետական իրավասու մարմինները, հավաքների կազմակերպիչները, մասնակիցները, զանգվածային լրատվության միջոցները և այլ դերակատարները առանցքային դիտարկեն երեխայի իրավունքների, այդ թվում` ցանկացած տեսակի բռնությունից զերծ լինելու, կրթության և այլ իրավունքների ապահովումը, ինչպես նաև երեխայի լավագույն շահը:

Պաշտպանն ընդգծում է նաև, որ անթույլատրելի է ինչպես հավաքներին մասնակցությունը խոչընդոտելը, այնպես էլ հավաքներին մասնակցելուն հարկադրելը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում հրավիրվում է համազգային հանրահավաք։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած սահմանազատմանը, որով նախատեսվում է հայկական վերահսկողության տակ եղած 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, որի արդյունքում կխախտվի առաջնագիծը, Ադրբեջանի ԶՈւ–ն կմոտենա դեպի Վրաստան ճանապարհին և գազատարին, երթ է սկսել դեպի Երևան։ Երթն առաջնորդում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա ասել է, որ Երևանում պահանջելու են, որ սահմանազատման գործընթացը թե Տավուշում, թե այլուր դադարեցվի։ Նրանք նախատեսում են արդեն մայիսի 9-ն հասնել Երևան և այնտեղ շարունակել իրենց ակցիաները:

Իշխանություններն ասում են, որ թեև սահմանազատումը չի երաշխավորում անվտանգություն, այնուամենայնիվ, սահմանի սահմանազատված հատվածը դա արդեն պետական սահման է, որը խախտելը ավելի դժվար կլինի։