10 մայիսի 2024 - 10:35 AMT
Ալմաթիում կհանդիպեն Միրզոյանն ու Բայրամովը

Մայիսի 10-ին Ալմաթիում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպումը տեղի կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկով, սակայն Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ին իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մայիսի 10–ի հանդիպմանը քննարկվելու է Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին զգուշավոր լավատեսություն է հայտնել այն մասին, որ Ալմաթիում կհաջողվի համաձայնության հասնել և հավատարմությունը Ալմաթիի հռչակագրի՝ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչելու սկզբունքը, հստակորեն արտացոլել նաև խաղաղության պայմանագրում։

«Ես կարող եմ ասել, որ դրանից հետո մենք արդեն շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»,–ասել է նա։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: