10 մայիսի 2024 - 11:16 AMT
Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են՝ ձեր սիրած ու չսիրած

Մայիսի 10–ի առավոտյան Հանրապետության հրապարակում, որտեղ մայիսի 9–ին բազմամարդ հանրահավաք էր վարչապետի հրաժարակնի պահանջով, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե ով է լինելու վարչապետի իրենց թեկնածուն, ասել է՝ տարբեր անուններ են շրջանառվում։

«Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ քննարկվում են, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ վարչապետի թեկնածուն կարող է լինել նաև այլ քաղաքական ուժերից:

Լրագրողները ճշտող այն հարցին, թե բացառո՞ւմ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել վարչապետի թեկնածուն, նա ասել է, որ միֆեր են ստեղծվել, և որ ինքը Քոչարյանին կյանքում մեկ անգամ է տեսել՝ 2001–ին։

«Բացառում չէ, այդպիսի հարց չկա հրապարակում։ Այդ միֆն իրենք ստեղծեցին։ Ես Ռոբերտ Քոչարյանին մի անգամ 2001-ին եմ տեսել։ Խորհրդարանական խմբակցությունները կքննարկեն, որոշակի խորհրդակցություն կլինի։ Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, ում անձի շուրջ կլինի։ Ամբողջ քաղաքական դաշտը միախորհուրդ կլինի այդ անձի շուրջ»,- նշել է Տավուշի թեմի առաջնորդը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր Բագրատ սրբազանը, մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարակնի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։

ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Դրանից հետո Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ մայիսի 10–ի առավոտից մեկնարկելու են անհնազանդության ակցիաներ։

Նա նաև դասադուլի և գործադուլի կոչ է արել։ Նա նշել է, որ պետք է մարզերում ևս խաղաղ անհնազանդության գործողություններ սկսվեն։

Բագրատ սրբազանը հայտարարել է, որ գիշերելու է հրապարակում, որը շարունակում էր մարդաշատ լինել։ Որոշ ժամանակ անց լուրեր են տարածվել, թե սրբազանը հրապարակում չէ և որ, իբր, հանդիպում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Սրբազանը դրան ի պատասխան հայտարարել է, որ ոչ մեկի հետ չի հանդիպել և տեսանյութ է հրապարակել վիրակապված ոտքերով՝ նա որոշ ժամանակով բժշկի հետ առանձնացել էր հարակից հյուրանոցներից մեկու վիրակապվելու համար։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: