10 մայիսի 2024 - 12:58 AMT
Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանը Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մայիսի 9–ից արդեն «Քաղաքացիական պայմանագրից» որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ շարժման հետ արդեն եղել են։

Անդրադառնալով այն գործընթացին, որ ՔՊ-ականները նախորդ օրվանից տարածում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և մակագրում «Լեգիտիմ վարչապետ»՝ Պողոսյանն ասել է, որ իշխանությունը փորձում է ինքն իրեն խաբել, հայտնում է Panorama.am-ը։

«Ո՞րն է լեգիտիմ վարչապետը, երբ 140 հազար մարդ հրապարակում անվստահություն է հայտնում իրեն։ Դա իրենց լեգիտիմ վարչապե՞տն է։ Մի գործընթաց է սկսել, որտեղ իշխանությունն այլևս փորձում է ինքն իրեն խաբի»,-ասել է Պետրոյանը։

Պետրոսյանը հավելել է, որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են եղել իրնեց հետ կոնտակտի դուրս եկածները։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովորւմ նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։