10 մայիսի 2024 - 14:15 AMT
ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը

Մայիսի 10-ին Ալմաթիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ: Ընդգծվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման՝ ղազախական հարթակում՝ մասնավորապես Ալմաթի քաղաքում անցկացնելու խորհրդանշական բնույթը՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմաթիի հռչակագրի նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման հարցերի։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ղազախստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման դինամիկան։ Քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր՝ ի շարունակություն Ղազախստանի նախագահի՝ ապրիլին Երևան կատարած այցի ժամանակ կայացած քննարկումների։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ։

Մայիսի 10-ին Ալմաթիում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպումը տեղի կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկով, սակայն Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ին իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մայիսի 10–ի հանդիպմանը քննարկվելու է Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը։