10 մայիսի 2024 - 15:29 AMT
Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է, որ վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունի։

«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,- ասել է սրբազանը՝ արձագանքելով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, որը նշել էր՝ շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ սրբազանը։

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում կարծիք է հայտնել, որ անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է։

Այն հարցին՝ իսկ եթե շարժման մեծ մասն իրեն տեսնի այդ դերում, սրբազանը պատասխանել է, որ ընթացքը կորոշի, գրում է Aysor.am-ը։

«Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել»,- հավելել է սրբազանը։

Արքեպիսկոպոսը նշել է նաև, որ երկքաղաքացի է, հայտնում է Factor.am-ը։

«Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել»,–ասել է նա։

Ավելի վաղ «Հայկական ժամանակն» էր գրել, որ իր տեղեկություններով, Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ երկքաղաքացի է, ունի նաև Կանադայի քաղաքացիություն: