10 մայիսի 2024 - 15:32 AMT
Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել

Առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ։ Այդ մասին ասել է ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, հայտնում է «Ազատությունը»։

ՆԳՆ տվյալներով՝ 8 մարդ ձերբակալվել է Երևանում անցկացված ակցիաների ժամանակ։ Նրանցից երկուսին բաժին են տարել սառը զենք՝ դանակներ, մեկին՝ չթույլատրված առարկա պահելու համար։ Երևանի ակցիաների 5 մասնակից էլ ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն կատարել ոստիկանի օրինական պահանջը, մեկն էլ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։

Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։

Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։