ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ալմաթիում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Հայաստանը շատ կառուցողական է տրամադրված և որ ՀՀ-ն ու Ադրբեջանը չպետք է սահմանափակվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
«Մենք կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաներն այն ընկալումով, որ տրանսպորտային բոլոր ենթակառուցվածքները կմնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են, և սահմանների հատումը կիրականացվի փոխադարձ կարգով », -ասել է Միրզոյանը, գրում է Sputnik Ղազախստանը։
Նա կարևորել է հավատարմությունը Ալմաթիի հռչակագրին՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը երկու երկրի միջև պետք է անցնի այդ փաստաթղթի հիման վրա։
«Կարևոր է նշել, որ վերջին երկու տարիներին և ՀՀ վարչապետը, և Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ հաստատել են իրենց հավատարմությունն Ալմաթիի հռչակագրին»,–ասել է Միրզոյանը։
Նա հավելել է նաև, որ Հայաստանը հակված է խաղաղության ու խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հանդիպումը տեղի է ունենում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի առաջարկով, սակայն Ղազախստանը հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ միայն հարթակ է տրամադրում հանդիպման համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7–ին իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մայիսի 10–ի հանդիպմանը քննարկվելու է Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը։