10 մայիսի 2024 - 18:07 AMT
Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը

2024 թ․ Aurora Prize մրցանակի շնորհման արարողությանը «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն ընթերցել է Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից:

Ուղերձում Վարդանյանը նշել է, որ ավելի, քան երբևէ, համոզված է, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը։

«Մենք սկսեցինք այս նախաձեռնությունը՝ մեր ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելու համար մերօրյա հերոսներին, մեծարելու նրանց և օգնելու, որպեսզի շարունակեն իրենց դժվարին առաքելությունն ու բարի գործերը: Մենք երազում էինք, որ Երևանը դառնա աշխարհի մարդասիրական մայրաքաղաքը, և որ մենք միավորվեինք՝ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքի հետ դառնալով միասնական ազգ։

«Ավրորայի» հետ մենք աշխարհի ուշադրությունը հրավիրում ենք մերօրյա իրական հերոսների վրա, ովքեր վտանգում են իրենց բարեկեցությունն ու կյանքը, ովքեր հավատ ու ճանապարհ են գտնում ուրիշներին օգնելու համար: «Ավրորայի» շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարևոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին և սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, և անցնել քո ճանապարհը:

Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորայի» հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։

Ես ամենևին չեմ զղջում այդ ճանապարհն ընտրելու համար։ Ես խորապես երախտապարտ եմ ձեզ՝ ինձ ոգեշնչելու ու ճիշտ գործի մղելու համար: Հիմա ես շատ ավելի լավ եմ հասկանում, թե ինչն էր առաջ մղում Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային և «Ավրորայի» մյուս դափնեկիրներին, և ինչու են նրանք այդպես հավատում մեկ մարդու ուժին․ մարդու, որը կարող է փոխել աշխարհը դեպի լավը: Մենք պարզապես չունենք այլընտրանք՝ բացի փորձելուց:

Ցավոք, աշխարհն ավելի բարի չի դարձել ձեր լավ գործերի արդյունքում, բայց սա նշանակում է, որ այն, ինչ դուք անում եք, հիմա ավելի կարևոր է, քան երբևէ: Ուրիշներին օգնելու ձեր հանձնառությունն ինձ այստեղ ուժ է տալիս: Ես հիմա, ավելի քան երբևէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը:

Ես մաղթում եմ ձեզ հաջողություններ ձեր առաքելության մեջ և իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում այս տարվա դափնեկրին։ Վստահ եմ, որ միասին կարող ենք շատ բան անել՝ աշխարհը բոլորի համար ավելի լավ և ավելի բարի վայր դարձնելու համար: Ինչպես Մարգարիտն է հաճախ ասում․ «Սերը միշտ հաղթում է»։ Եվ թող սերն ու արժեքները հաղթեն։ Եվ թող մենք բոլորս տանք ավելին, քան երբեւէ կարող ենք հուսալ, որ կստանանք: Մեզնից յուրաքանչյուրն իրականում կարող է շատ բան փոխել»,–ասվում է Ռուբեն Վարդանյանի ուղերձում։

Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի Հանրապետություն տեղափոխվելու մասին։ Որոշ ժամանակ անց՝ 2022թ. նոյեմբերի 4-ին նա ստանձնեց Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը: 2023թ. փետրվարի 23 -ին Ռուբեն Վարդանյանին ազատեցին պետնախարարի պաշտոնից, բայց նա շարունակեց մնալ Արցախում և իր հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր իրականացնել։ Նա շրջափակման մեջ գտնվող արցախցիների կողքին գտնվել է մինչև վերջ և, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո, արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Ստեփանակերտը՝ շարժվելով դեպի Հայաստան: 2023-ի սեպտեմբերի 27-ին Վարդանյանն ապօրինաբար կալանավորվել է Ադրբեջանի կողմից և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում: