10 մայիսի 2024 - 18:17 AMT
ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել

Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իսպանիայի կրթության, մասնագիտական ուսուցման և սպորտի նախարար Պիլար Ալեգրիայի հետ հուշագիր է ստորագրել սպորտի ոլորտում ՀՀ ու Իսպանիայի գործակցության վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսպանիա երկկողմ կապերի ամրապնդման, համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակներում ակտիվ բարեփոխումների փուլում է գտնվում: Ներկայացնելով բարեփոխումները՝ նախարարը նշել է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որտեղ մեծ տեղ է հատկացվում ԲՏՃՄ և օտար լեզուների ուղղությամբ կրթությանը:

Ըստ փոխըմբռնման հուշագրի՝ կողմերը կզարգացնեն հարաբերությունները սպորտի ոլորտում՝ հաշվի առնելով, որ սպորտն ամուր հենասյուն է բարեկամական հարաբերությունների և փոխըմբռնման ամրապնդման համար։

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու սպորտային բժշկության, հակադոպինգային գործունեության, խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման, սպորտի ոլորտում մասնագետների և ղեկավարների վերապատրաստման, երիտասարդ մարզիկների ձևավորման, սպորտում կանանց ներգրավվածության բարձրացման և այլ ուղղություններով: Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սպորտի կառավարման մոդելի զարգացմանը և այդ համատեքստում քննարկվել իսպանական փորձի ուսումնասիրության հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է իսպանական կողմի՝ Հայաստանում անցկացվող միջազգային խոշոր մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցությունը: