10 մայիսի 2024 - 19:01 AMT
Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Շուշիում հայտարարել է, որ սահմանազատումն ադրբեջանական կողմի պայմաններով անցկացնելն իրենց հերթական հաղթանակն է։

Նա նաև ասել է, որ «Ղազախի շրջանի հողերը ստանում են առանց որևէ կրակոցի», հայտնում է APA-ն։

«Այսօր Ղազախի շրջանի (ՀՀ Տավուշի մարզին հարակից՝ խմբ.) հողերը մեզ են վերադարձվում առանց գեթ մեկ կրակոցի։ Մեր պահանջով 4 գյուղ է վերադարձվում։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են մեր պայմաններով՝ դա մեր հերթական հաղթանակն է»,–ասել է նա։

Ալիևը նաև ասել է, թե Ադրբեջանը Կովկասի առաջատար պետությունն է և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ, գրում է APA-ն։

Բնակելի տների բանալիներ հանձնելով Շուշիի առաջին ադրբեջանցի բնակիչներին՝ Ալիևն ասել է, որ առանց Շուշիի «պատերազմի հաջող ավարտն անհնար կլիներ» և որ «բոլորը հասկանում էին, որ ադրբեջանցիները կանգ չեն առնի, մինչև չվերցնեն Շուշին»։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը: