17 մայիսի 2024 - 10:50 AMT
Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում

Կիրանցեցիները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ չհամաձայնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նոր պայմանավորվածությունների հետ։

Մայիսի 16-ից գյուղացիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, կիրանցեցիներից մեկը հայտնել է, որ ամբողջ գիշեր շարունակել են ճանապարհին մնալ, հայտնում է Sputnik Արմենիան։

Միաժամանակ, մայիսի 16–ից ոստիկանական անցակետ է տեղադրվել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում։ Այստեղից դեպի Կիրանց անցնել են թույլ տալիս միայն գյուղի գրանցում ունեցողներին։

Մայիսի 16–ի ընթացքում կիրանցեցիները պահանջում էին հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Վերջինս համաձայնել էր հանդիպել գյուղի դպրոցի մոտ՝ առանց լրատվամիջոցների ներկայության։ Գյուղացիներն այս պայմանին չէին համաձայնել՝ հայտարարելով, որ թաքցնելու բան չունեն։ Արդյունքում մարզպետի հետ հանդիպում այդպես էլ չէր կայացել։

Կիրանցեցիները տարակուսած են՝ իրենց գյուղի երեք զգայուն կետերը, որոնց շուրջ վարչապետն ավելի մանրակրկիտ քննարկումներ էր խոստացել, տեղորոշվել են ընդամենը համակարգչով, իսկ մյուս հատվածներում 40 սահմանասյուները տեղադրվեցին կոնկրետ չափագրողների մասնակցությամբ հենց տեղում դիտարկումներից հետո, գրում է «Ազատությունը»։

Նրանք տարակուսած են, թե ինչո՞ւ է վարչապետի աշխատակազմը որպես նպաստավոր լուր արձանագրել, թե Կիրանցին վերադարձվում է մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, այն դեպքում, որ այդ ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ։

«Այդ 25 հեկտարն ի սկզբանե հայկական հող է եղել, եղել է մեր տիրապետության տակ, մինչև այս պահն էլ, անվտանգության գոտի է եղել՝ ականապատ տարածք։ Լուրը տարածում են՝ փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, որ տեսեք՝ Կիրանցի հարցը լուծված է», - ասել են նրանք։

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին հարցերին, նշել է, որ Տավուշում 25 հեկտար հողերը կվերադարձվեն Կիրանցին, և որ ճանապարհի տեղափոխման խնդիր կա։ Նշվել է նաև, որ սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ։