Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը

Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը

PanARMENIAN.Net - «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը հոգևոր ծառայության սառեցման հարցով դիմել է կաթողիկոսին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ կպահպանի իր նվիրապետական աստիճանը։

Այն հարցին, թե շարունակո՞ւմ է մնալ Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, նա ասել է․ «Անշուշտ, պահպանվում է։ Կոչումը վերցված չէ։ Ինձ կարգալույծ չեն արել։ Այս պահին այլևս Տավուշի թեմում չեմ», հայտնում է Panorama.am-ը։

Հոգևոր ծառայության սառեցման հարցով Ամենայն Հայոց կաթողիկոսից պատասխանի մասին հարցին Բագրատ սրբազանն ասել է, որ պաշտոնական պատասխանի կարիք չկա։

«Երևի որ դիմել եմ, սառեցվել է, էլի։ Հավանաբար։ Պաշտոնական որևէ բան ասելու կարիք չկա»,–ասել է նա։

Անդրադառնալով ոստիկանների կողմից խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն՝ Բագրատ սրբազանն ասել է, որ իրենցից վախեցող չկա։

«Իրենք են վախեցած, այն վախկոտին են պահում։ Մեր երկրում մի վախկոտ կա։ Մեղք են այս տղաները, բութ գործիքի դեր են կատարում։ Ո՞ւմ են պահում, մի վախկոտի, որ իրենց կյանքն էլ է ավիրել։ Կարևոր չէ ինձ տանեն, ում տանեն։ Ի՞նչ է կալանք, բերման ենթարկել։ Ի՞նչ արժեք ունի․ թող ինձ էլ տանեն, կարող են թող տանեն»,–ասել է նա։

Մայիսի 26-ին հանրահավաքի ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարել է՝ «մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների՝ իրավաբաններ, գործարարներ, սոցիալական տարբեր խմբերի հետ, բոլոր քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ սրբազանն է։ Բոլորի մոտ կա համախոհություն, որ նա պետք է լինի նաև վարչապետ»։

Դրանից հետո Բագրատ Սրբազանն ասել է. «Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---