Հայաստանի ֆրանսիական բռնցքամարտի հավաքականը կմասնակցի Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիական բոքսի հայկական ֆեդերացիան (այն անվանում են նաեւ եվրոպական քիկբոքսինգ) հավաքականը հունիսի 17-ին կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ հունիսի 18-20 կմասնակցի աշխարհի առաջնության որակավորման փուլին: Ինչպես հաղորդել է ՀՀ-ում Ֆրանսիական բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Ռոստոմյանը, առաջնությունում հավաքականը կներկայացնեն 4 բռնցքամարտիկներ` Սմբատ Հարությունյանը (65կգ ք/կ), Արամ Մարգարյանը (70 կգ ք/կ), Գեւորգ Թորոսյանը (75կգք/կ) եւ երիտասարդական մրցաշարում հանդես կգա Վահե Գեւորգյանը (60կգք/կ):



«Մեր ֆեդերացիան հիմնադրվել է 2003թ.: Մենք ակնհայտ հաջողությունների ենք հասել: 2005-ին մենք արծաթ բերեցինք աշխարհի առաջնությունից, 2006-ին` բրոնզ Եվրոպայի առաջնությունից: Իսկ 2007թ. Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում մեր 6 մարզիկներ առաջին տեղերը զբաղեցրեցին, իսկ երկուսն արժանացան արծաթե մեդալների»,-ասել է Ռոստոմյանը` հավելելով, որ մեծ հույսեր է կապում հայ բռնցքամարտիկների հետ առաջիկա մրցաշարում:



ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչն է Վոլոդյա Խալաթյանը, որը գրեթե 6 ամիս է, ինչ մարզում է թիմը:



Ֆրանսիական բոքսը սավատի, որը մաշված կոշիկներով ֆրանսիական փողոցային մարտարվեստ է, դասական անգլիական բռնցքամարտի սինթեզ է: Ֆրանսիական բռնցքամարտը երեք ոճ ունի` սուսերամարտ, թեթեւ եւ ուժեզ հարվածային մարտաձեւեր:



Հայաստանում ֆրանսիական բոքսով զբաղվում է մոտ 500 հոգի: Ըստ Ռոբերտ Ռոստոմյանի, Բելգրադում հաջող հանդես գալու դեպքում, հայկական թիմի բռնցքամարտիկներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ մենամարտերին, որոնք տեղի կունենան տարբեր երկրներում նոյեմբերին ու դեկտեմբերին:



«Մենք մտադիր ենք նաեւ հոկտեմբերին անցկացնել Հայաստանի առաջնություն: Նույն ամսում Բելգիայում տեղի կունենա Եվրոպայի առաջնություն թեթեւ մարզաոճում, որին մասնակցելու հրավեր մենք արդեն ստացել ենք»,-ասել է Ռոստոմյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---