5 դեկտեմբերի 2025 - 17:35 AMT
«Հայաքվեն» ստորագրահավաք է սկսել ՀՀ–ում թոշակների բարձրացման համար

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 1-ից սկսել է ստորագրահավաք՝ աջակցելու ՀՀ կառավարությանը ներկայացվող հանրագրին, որը նպատակ ունի երկու տարվա ընթացքում ծերության ու հաշմանդամության թոշակները բարձրացնել 50 տոկոսով։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է հասարակական գործիչ և «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ ստորագրահավաքին արդեն միացել է մոտ հինգ հազար քաղաքացի։ Նա հավելել է, որ հանրագրին միանալու հնարավորություն կա ոչ միայն Երևանի մի քանի «Հայաքվե» գրասենյակներում, այլև Էջմիածնում, Արմավիրում, Գորիսում, Կապանում, Գյումրիում և մի շարք այլ քաղաքներում, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած ՀՀ իշխանությունները եռապատկել են իրավապահների աշխատավարձը, ընդհանուր առմամբ բյուջեի ծախսերն աճել են ավելի քան կրկնակի (125 %–ով), իսկ կենսաթոշակները բարձրացել են ընդամենը 22 %–ով:

Չալաբյանը ընդգծել է, որ ներկայումս միջին աշխատավարձը զգալիորեն գերազանցում է թե՛ նվազագույն, թե՛ միջին կենսաթոշակը՝ մոտավորապես վեց և չորսուկես անգամ համապատասխանաբար։

Նա նաև նշել է, որ 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը նախատեսվում է ավելացնել 187 միլիարդ դրամով, որից 111 միլիարդը կուղղվի համընդհանուր բժշկական ապահովագրությանը, սակայն, գալիք տարվա բյուջեում կենսաթոշակների ավելացում նախատեսված չէ։ Փոխարենը կշարունակվի թոշակառուների համար անկանխիկ վճարումների հետվերադարձի ծրագիրը, որի համար հատկացվելու է ավելի քան 20 միլիարդ դրամ։ Ըստ նրա՝ այս ծրագիրը կոմունալ վճարումների վրա չի տարածվում։

Չալաբյանը հաշվարկել է, որ ծերության կենսաթոշակների վճարումների համար ՀՀ պետբյուջեից ծախսվում է մոտ 350 միլիարդ դրամ։ Նրա գնահատմամբ՝ թոշակները 50 տոկոսով բարձրացնելու համար կպահանջվի 175 միլիարդ դրամ։

«Եթե առաջին տարում թոշակները բարձրացնենք 25 տոկոսով, ապա դրա համար անհրաժեշտ է ընդամենը 87 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 0․8 տոկոսը։ Դա այնքան քիչ է, որ չի կարող մեծ ազդեցություն ունենալ երկրում գնաճի վրա»,– վստահեցրել է Չալաբյանը։

Ներկայում նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կազմում է 36 հազար դրամ, իսկ միջինը՝ 49 հազար դրամ։ Այս տարվա երկրորդ եռամսյակում նվազագույն պարենային զամբյուղը կազմել է 44,152 դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 81,681 դրամ։