11 դեկտեմբերի 2025 - 13:39 AMT
Փաշինյան․ Առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան ՀՀ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են ադրբեջանական պատվիրակությունների այցեր Հայաստան՝ ընդգծելով, որ արտաքին հարաբերություններում բալանսավորված քաղաքականության իրականացումը արդյունքներ է տվել։

«Այս տարի մեր արդեն երկու պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջան մեկնել։ Առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել ՀՀ։ Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը, այսինքն, սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել։ Մենք ասում էինք՝ մենք Եվրամիության հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հեճուկս Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի։ Ասում էին՝ այդ ոնց, ո՞նց կարող է այդպես լինել։ Հենց այսպես»,– ընդգծել է Փաշինյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ 2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա տարածաշրջանացում։

«Ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ և շփումներ։ Ընդ որում՝ աշխատանքային կամ պաշտոնական այցեր, ոտքի վրայի խոսակցություններ էլ է եղել, բայց նաև աշխատանքային և պաշտոնական այցեր են եղել»,–ասել է նա՝ թվարկելով այն երկրներն ու մայրաքաղաքները, որտեղ վերջին շրջանում ինքն այցելել է. Մոսկվա, Վաշինգտոն, Պեկին, Տոկիո, Ստամբուլ, Ֆրանսիա, Գերմանիա, Ղազախստան, Շարմ էլ շեյխ, Աբու-Դաբի, Դանիա, Վրաստան։

Վարչապետը պարզաբանել է, որ տարածաշրջանային քաղաքականության շրջանակում շարունակվում է ակտիվ փոխգործակցությունը հարևան պետությունների հետ՝ ընդգծելով ոչ միայն այցելությունները, այլև ստեղծվող ենթակառուցվածքային կապերը, այդ թվում՝ երկաթուղային ուղիների գործարկումը։

Փաշինյանի խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգիծը կարող է հավասարակշռված կերպով միաժամանակ զարգացնել տարբեր ուղղություններով հարաբերությունները՝ առանց որևէ կողմին հակադրվելու։