18 դեկտեմբերի 2025 - 10:28 AMT
Քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ քննարկվել է հարկային վարչարարության արդյունքում քրեական վարույթների նախաձեռնման պրակտիկան։

Քննարկմանը մասնակցել են պետական տարբեր մարմինների, ինչպես նաև մասնավոր հատվածի միությունները ներկայացնող մասնակիցներ։

Մանրամասն վերլուծվել է, թե ինչպես են հարկային վերահսկողական գործընթացների տարբեր փուլերում, երբ առաջանում են լրացուցիչ հարկային պարտավորություններ, Պետական եկամուտների կոմիտեի հաղորդումների հիմքով սկսվում քրեական վարույթներ տնտեսվարողների նկատմամբ։

Գործարար ոլորտը ներկայացնող միավորումների ներկայացուցիչները նշել են մտահոգություններ՝ ընդգծելով, որ նման գործելակերպի հետևանքով որոշ տնտեսվարողներ ստիպված են լինում չվիճարկել իրենց առաջադրված պարտավորությունները՝ այդ կերպ փորձելով խուսափել հնարավոր քրեական հետապնդումից։

Պատասխանատու մարմիններն իրենց հերթին ներկայացրել են արդեն իրականացված ու ընթացիկ նախաձեռնությունները, ինչպես նաև առաջարկներ՝ ուղղված համակարգի բարելավմանը։ Դրանք ներառել են առաջարկներ՝ լրացուցիչ պարտավորությունների շեմի վերանայման, հարկային ստուգումների համար ողջամիտ ժամկետի ձևակերպման, ինչպես նաև հաղորդման անհրաժեշտության սահմանման՝ միայն այն պարագայում, երբ առկա է հստակ հանցակազմ՝ հարկերից խուսափելու նպատակով։

Քննարկելով կարգավորման հնարավոր ուղիները՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շեշտադրել է, որ անհրաժեշտ է ձևավորել մեխանիզմներ, որոնք միաժամանակ կաջակցեն հարկային կարգապահությանը և չեն սահմանափակի գործարարների հնարավորությունները՝ պաշտպանելու իրենց օրինական շահերը։

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել փոխըմբռնում՝ շարունակել քննարկումները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը։ Համաձայնեցվել է, որ 2026 թվականի սկզբին ամփոփվելու են այս ուղղությամբ տարվող աշխատանքները և սահմանվելու են հետագա քայլերը։