25 փետրվարի 2026 - 16:19 AMT
Bloomberg․ ԱՄՆ-ն ձգտում է, որ ՌԴ-Ուկրաինա պատերազմը մինչև հուլիսի 4-ն ավարտվի

ԱՄՆ-ն ձգտում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կնքվի մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը, գրել է Bloomberg-ը եվրոպացի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների վրա հղումով:

Գործակալության զրուցակիցները նշել են, որ առայժմ որևէ նշան չկա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է գնալ գործարքի, գրում է Meduza-ն:

Սպիտակ տունը չի պատասխանել Bloomberg-ի հարցմանը։

CNN-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Կիևը միաժամանակ ստորագրի խաղաղության համաձայնագիրը Ռուսաստանի հետ և պայմանավորվածությունները Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների հետ, որոնք Ուկրաինային տալու են անվտանգության երաշխիքներ՝ դա տեղի է ունենալու միաժամանակ և, ցանկալի է, մեծ արարողության շրջանակում։

2026 թվականի հուլիսի 4-ին Միացյալ Նահանգները նշելու է անկախության 250-ամյակը։

Փետրվարի 7-ին Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և Ռուսաստանին ավարտել պատերազմը մինչև ամռան սկիզբը։

«Ինչո՞ւ մինչև այս ամառ: Հասկանում եք, նրանց ներքին հարցերն Ամերիկայում առավել ակտուալ կդառնան նրանց համար, Կոնգրեսում միջանկյալ ընտրություններին ընդառաջ»,-ասել էր նա: