
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Միքայելին, սակայն, մեղադրանք է առաջադրվել։
Նա լրագրողների հարցերին չի պատասխանել, միայն ասել է, որ շատ լավ է, իր հետ լավ են վարվել,հայտնում է Aysor.am-ը:
Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Մյուս եղբորը՝ Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ նրան արդեն տեղափոխել են դատարան։
Առայժմ հայտնի չէ, թե որ դատավորին է մակագրվել ներկայացված միջնորդությունը։
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով 3-րդ ձերբակալվածը՝ ազատամարտիկ Գևորգ Գևորգյանն ազատ է արձակվել։
Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անհեթեթ է համարում այն պնդումները, թե իրենք ինչ-որ գործողություն են նախապես պլանավորել։
«Ես կազմակերպել ու պլանավորել եմ քաղաքի, գյուղերի, Արցախի ազատագրումները»,- նշել է նա։
Նա նաև ասել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը նման վախեր է տեսնում իր աչքերում, ապա «շատ ավելի վատ վիճակում ենք մենք, քան կարելի է պատկերացնել»։
Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է 5 միլիոն դրամ գրավը, որը անհրաժեշտ է վճարել երեք օրվա ընթացքում։
Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում
Միջադեպից հետո թիմակիցների հետ քայլելիս Փաշինյանն, անդրադառնալով եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ աղմկողների մի մասը ՀՀԿ-ական էին, մյուս մասը «Սասնա ծռերից»: