Մելոնի․ Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին![]() 4 մայիսի 2026 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում: «Մենք այսօր բախվում ենք բազմաթիվ ճգնաժամերի և խնդիրն այն է, որ դրանք փոխադարձ վերաբերելի են, փոխկապակցված են և սնում են միմյանց»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ ընդհանուր ճգնաժամի առանձին հատվածների վրա կենտրոնանալը չի կարող ապահովել ամբողջական լուծում։ Մելոնին նշել է, որ հակամարտությունները հանգեցնում են միգրացիոն հոսքերի, որոնք իրենց հերթին ազդում են քաղաքացիների անվտանգության վրա։ «Վտանգվում է նաև պետությունների կայունությունը, այն նաև վտանգի տակ է դնում և սահմանափակվում պետական ռեսուրսները, աշխատատեղերը, ինչը թուլացնում է պետության մրցունակությունը՝ ավելացնելով անորոշությունը, սոցիալական լարվածությունը»,- ասել է Իտալիայի վարչապետը։ Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ նա նշել է, որ եվրոպական երկրների համար էներգետիկ հոսքերի զգալի մասը գալիս է անկայուն տարածաշրջաններից։ «Սա ի վերջո ազդում է մեր ժողովրդավարությունների որակի վրա և քաղաքացիները հասկանում են, որ կարևորագույն մարտահրավերները չեն հաղթահարվում և կառուցակարգերի նկատմամբ վստահությունը կորում է, մարդիկ դառնում են ավելի խոցելի մանիպուլյացիաների, այդ թվում՝ արհեստական բանականության չարամիտ օգտագործումից»,- նշել է նա։ «Միգրացիա, տնտեսություն, ժողովրդավարություն, մրցունակություն, էներգետիկա, անվտանգություն... Եթե մենք սրանցից որևէ մեկը դիտարկենք առանձին, կտեսնենք, որ այն հեշտությամբ կարող ենք կապել մյուսներին։ Հնարավոր չէ առճակատվել այս բազմաճգնաժամային իրավիճակի միայն մի հատվածին»,-ասել է նա: Նա ընդգծել է, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել՝ Եվրամիությունը կարողացել է արձագանքել տարբեր ճգնաժամերի, այդ թվում՝ համավարակին և Ուկրաինայի շուրջ զարգացումներին։ «Բայց այս կարողությունը պետք է կրկնապատկել, ձևավորել լրացուցիչ կարողություն, որը ոչ թե եղած հիմնախնդիրներին հակազդող կլինի, այլ՝ կանխարգելիչ, նախաձեռնողական։ Սա մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որը պետք է հստակ շեշտ դնի ոչ միայն այս հարցին թեթև նայող ԵՄ երկրներին ներգրավելու ուղղությամբ, այլև մեր աշխարհագրական հարևաններին ավելի ակտիվ ներգրավելու առումով»,-ասել է նա: Ամփոփելով իր խոսքը՝ Մելոնին նշել է, որ Իտալիան կարևորում է հատկապես միջերկրածովյան հարևանության ուղղությունը։ «Համատեղելով անվտանգությունը, էներգետիկան և զարգացումները՝ հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին, որոնք բազմաթիվ են, տեղի են ունենում միաժամանակ և ելնում են նույն աղբյուրից»,-ասել է նա: Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |