7 հունիսի 2026 - 16:19 AMT
Զուրաբյան․ Ես քվեարկեցի նրա համար, որ գերտերություններն այստեղ չպատերազմեն, չվերածեն ՀՀ-ն ավերակների

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընտրությունը կատարել է երկրում խորքային և արմատական փոփոխությունների օգտին, հայտնում է Factor.am-ը:

«Ես քվեարկեցի նրա համար, որ գերտերությունները Հայաստանում չպատերազմեն, չվերածեն Հայաստանը ավերակների, և եթե մրցակցում են, մրցակցեն ազդեցության համար ներդրումներով, որպեսզի Հայաստանը դառնա մի հանգույց՝ տրանզիտային, որը կկապի որպես երկիր-կամուրջ, կկապի ոչ միայն արևմուտքը արևելքի հետ, այլ նաև հյուսիսը հարավի հետ։

Ես քվեարկեցի այն Հայաստանի համար, որը կդառնա տեխնոլոգիական դրախտ, ինչը թույլ կտա Հայաստանին տեղավորվել տնտեսապես զարգացած երկրների բարձրունքում և արմատախիլ կանի աղքատությունը»,- ասել է Զուրաբյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է վերածվի կարևոր տրանզիտային հանգույցի և տեխնոլոգիական կենտրոնի, ինչը, ըստ նրա, կնպաստի երկրի տնտեսական առաջընթացին և աղքատության հաղթահարմանը։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։