8 հունիսի 2026 - 11:47 AMT
«Ականատես». Ժամը 20։00-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել է քվեարկել

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչը Սյունիքի մարզում՝ Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գործող թիվ 35/65 ընտրատեղամասում արձանագրել է քվեարկության ընթացակարգի հետ կապված խախտում:

«Ժամը 20։00-ին, օրենքի պահանջին համապատասխան, տեղամասային կենտրոնի դռները փակվել են։ Այդ պահին, սակայն, շենքի միջանցքում գտնվել է մոտ 480 զինվոր։ Հրամանատարությունը նշել է, որ զինծառայողները հերթափոխից ուշացել են և պարտադիր պետք է մասնակցեն ընտրական գործընթացին։

Ըստ օրենքի՝ ժամը 20:00-ից հետո քվեարկելու իրավունք ունեն միայն այն ընտրողները, որոնք արդեն իսկ գտնվում են բուն քվեարկության սենյակում։ Այս տեղամասում քվեարկության սենյակը դռներով լիովին առանձնացված է եղել միջանցքից, և ժամը 20։00-ի դրությամբ զինվորների ճնշող մեծամասնությունը քվեարկության սենյակում չի գտնվել:

Այնուամենայնիվ, Տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղի է տվել և թույլատրել է միջանցքում գտնվող բոլոր զինվորականներին քվեարկել տեղամասի փակվելուց հետո»,-ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների համաձայն՝ նոր խորհրդարանում ներկայացված կլինի 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն: Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք- 28 մանդատ, «Հայաստան» դաշինք – 11 մանդատ, ԲՀԿ – 5 մանդատ։